


Արմինֆո."Արարատ" ֆուտբոլային ակումբը խորին ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ: Նրա մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 12-ին։
«Արարատ» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցությունն է հայտնում թիմի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին՝ հորեղբոր՝ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ։ Հմայակ Հարոյանն իր կյանքի զգալի մասը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը և հայկական բանակի կայացմանը։ Ակումբը ցավակցում է Հարոյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով ուժ ու համբերություն այս ծանր կորստի պահին», - ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Հմայակ Հարոյանը ծնվել է 1949 թվականի հունվարի 9-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Արեգ գյուղում: 1973 թվականին ավարտել է Խարկովի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1973 թվականից մինչև 1981 թվականը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի տարբեր զորամասերում: 1991 թվականից ծառայում է ՀՀ Զինված ուժերում: 1992-1994թթ. ակտիվորեն մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին ԼՂՀ-ում, Տավուշում և Մարտունիում: 1993 թվականին վիրավորվել է, իսկ ապաքինվելուց հետո վերադարձել ռազմի դաշտ։ 1994-1998թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի սպառազինության հարցերով տեղակալի պաշտոնը: 1998-2001թթ. եղել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ: 2001թվից ղեկավարել է ՀՀ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը: ԼՂՀ 1-ին աստիճանի Մարտական խաչ և "Վարդան Մամիկոնյան" շքանշանակիր էր:


