


Արմինֆո. Ադրբեջանում դեսպանի պաշտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Ալեքսանդր Օլդենը Palantir ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է՝ մինչև 25 միլիոն դոլարի: Ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող այդ ընկերությունը սերտ կապեր է պահպանում Բաքվի հետ։ Այդ մասին ահազանգում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA)։
Սփյուռքյան կազմակերպությունում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ սա շահերի բախման դասական օրինակ է։
"Ամերիկային պետք է այնպիսի դեսպան, որը պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախում էթնիկ զտումների, հայ պատանդներ պահելու, քրիստոնեական ժառանգության ոչնչացման և փախստականների վերադարձի արգելափակման համար, այլ ոչ թե՝ մեկը, ով անձնական օգուտ ստանա ադրբեջանական հանցագործությունների ամերիկյան նորմալացումից։ Սենատը պետք է մանրակրկիտ ստուգի Ալեքսանդր Օլդենին՝ հունվարից հետո, այլ ոչ թե, պարզապես, հաստատի նրա վիճահարույց թեկնածությունը «կաղ բադի» հապճեպ նստաշրջանի ժամանակ: Ցեղասպանության նորմալացումը երբեք չի կարող նորմալ համարվել", - ասվում է ANCA-ի թվիթերյան (X) հրապարակման մեջ:


