


ԱրմԻնֆո. Ռուսաստանում անցկացվում են Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարության համաձայն՝ Հայկական մշակույթի օրերը կարևոր հարթակ են հայկական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի ներկայացման, ինչպես նաև հայ-ռուսական մշակութային համագործակցության ամրապնդման համար:
Մշակութային միջոցառումների ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնում՝ Երևանի պետական մնջախաղի թատրոնի «Օֆլայն» ներկայացմամբ, ինչպես նաև Մոսկվայի Ռուսաստանի պետական ակադեմիական Մալի թատրոնի «Բոլշայա Օրդինկա» բեմում «Բարեկամություն» պետական պարային անսամբլի համերգով: Նոյեմբերի 11-ին «Օֆլայն» ներկայացումը ներկայացվել է նաև Մոսկվայի թատերական ստուդիայի գլխավոր բեմում: Նոյեմբերի 12-ին Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նույն վայրում կներկայացնի «Առյուծը ձմռանը» պիեսը: Նոյեմբերի 14-ին «Զարյադյե» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական էստրադային և ջազային նվագախմբի համերգը: Մշակույթի օրերը կամփոփվեն նոյեմբերի 16-ին դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի համերգով Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում: Աղբյուրի համաձայն, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ:


