
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 12-ի նիստում մերժել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումն ընթացել է իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև սուր բանավեճի պայմաններում։
Հայտարարության նախագիծը ներկայացնող "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրների առկայությունը: Որպես ժողովրդավարության հետընթացի դրսեւորումներ՝ ընդդիմադիր պատգամավորը հիշատակել է կալանքների լայն կիրառումը որպես կանխարգելիչ միջոց, ուղղիչ հիմնարկներում մահերի թվի ավելացումը, ինքնասպանությունները, գաղտնալսումները եւ քաղաքական հետապնդումները: Գալստյանի խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերը ևս վկայում են քաղաքական հետապնդումների մասին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ազատազրկումը քաղաքական հետապնդումների դրսևորում է: Ի հաստատումն իր խոսքերի ՝ պատգամավորը վկայակոչել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները։ Մասնավորապես, Human Rights Watch-ի 2026 թվականի զեկույցը անդրադառնում է Հայաստանում նախնական կալանքի կիրառման, դատական իշխանության անկախության և ուղղիչ հիմնարկներում մահվան դեպքերի հետ կապված հարցերին: Հայաստանի վերաբերյալ Amnesty International-ի զեկույցում նույնպես մտահոգություն է հայտնվում մարդու իրավունքների պաշտպանության, լրագրողների և իրավապաշտպանների դեմ դատավարությունների, նախնական կալանքի և կալանքի պայմանների վերաբերյալ:
Իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, սակայն, վիճարկել է ընդդիմության ներկայացրած գնահատականները։ Նա հարցրել է, թե միջազգային որ զեկույցում են Հայաստանի բանտերում գտնվող մարդիկ կոչվում "քաղաքական բանտարկյալներ": Ի պատասխան՝ Գալստյանը նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեպքը, նշելով, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը 2023 թվականի նոյեմբերի 14-ի իր բանաձևում քննարկել է նրա ձերբակալման հարցը և մտահոգություն հայտնել:
Քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորը հիշատակել է նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի դեպքերը: Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր 2021 թվականին ՝ Վանաձորի ավագանու ընտրություններում իր գլխավորած դաշինքի հաղթանակից հետո։ Նա ավելի քան երկուսուկես տարի անցկացրել է բանտում և արդարացվել 2026 թվականի հոկտեմբերին։ "Ուժեղ Հայաստան" կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին ՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Նա մահացել է նոյեմբերի 10-ին "Նուբարաշեն" բանտում։
Քննարկումների ժամանակ վիճաբանություն է ծագել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի և Լիլիթ Գալստյանի միջև: Եղոյանը քննադատել է ընդդիմադիր պատգամավորին՝ կոչ անելով խոսել "ծովից ծով Հայաստանի" մասին ՝ փոխանակ քննարկելու ժողովրդավարությունից, իբր, նահանջի հարցը: Գալստյանը հակադարձել է, որ իշխող կուսակցության պատգամավորը չի կարող որոշել, թե ինչ հարցեր պետք է բարձրացնի: Նրա գնահատմամբ ՝ իր ելույթի թեման թելադրելու փորձն ինքնին հակաժողովրդավարական դիրքորոշման դրսևորում է։ Քննարկմանը միացել է նաև "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Դիմելով Արման Եղոյանին ՝ նա ասել է, որ "կրքոտ հռետորի դերն արդեն վերցված է", ակնարկելով այն սահմանումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործել էր իր նախորդ ելույթում:
Արդյունքում՝ երկարատև քննարկումից հետո հանձնաժողովի իշխող խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին: