
ԱրմԻնֆո. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ինչպես ասվում է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ, կողմերը կհամագործակցեն էներգետիկ ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման, կրթական համակարգի ու աշխատաշուկայի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև որակավորված մասնագետների պատրաստման նպատակով։
Մասնավորապես, նախատեսվում է մի շարք փոփոխություններ իրականացնել Աբովյանի պետական էներգետիկ քոլեջում, այդ թվում՝ արդիականացնել ուսումնական-գործնական միջավայրն ու նյութատեխնիկական բազան։ Կստեղծվեն ժամանակակից լաբորատորիաներ, նախատեսվում է քոլեջը համալրել ուսումնական սարքավորումներով և ապահովել գործնական ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ։
Ըստ աղբյուրի՝ կմշակվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագիտական ուսուցման կրթական ծրագրեր, ինչպես նաև կընդլայնվեն դուալ կրթության հնարավորությունները։ Սա թույլ կտա ապահովել սովորողների գործնական հմտությունների զարգացումը, անմիջականորեն արտադրությունում ուսուցումը և գործատուի մասնակցությունը կրթական գործընթացին։
<Սա էներգետիկ ոլորտում միակ մասնագիտացված քոլեջն է, և մենք շատ լավ հասկանում ենք, որ մասնագիտական կադրերի բավական լուրջ պակաս ունենք, այդ թվում՝ անմիջականորեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում։ Այս հուշագիրը քոլեջի զարգացման համար նոր փուլ կբացի>, - հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը։
Նա հաստատել է համատեղ ծրագրերի շրջանակն ընդլայնելու պատրաստակամությունը՝ տարբեր ձևաչափերով, ընդհուպ մինչև կրթաթոշակների տրամադրումը։ Նրա խոսքով՝ սա կարևոր է ինչպես սովորողների մոտիվացիայի բարձրացման, այնպես էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում նրանց հետագա աշխատանքի հեռանկարի տեսանկյունից։
Հուշագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանկավարժական աշխատողների և ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ վերապատրաստման ծրագրերի, մասնագիտական փոխանակումների և փորձի փոխանակման կազմակերպման միջոցով։