


Արմինֆո. Եթե ընդդիմությունը ձևավորում է "Ոչ" շտաբ, ուրեմն հանրաքվեն կկայանա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
"Քանի որ "Ոչ" շտաբ ստեղծում են հենց հանրաքվեի անցկացման դեպքում։ Հակառակ դեպքում դա իմաստ չունի", - նշել է նա։
Փոխխոսնակի ասելով՝ ընդդիմությունը պարբերաբար հայտարարում էր, որ կողմ չեն քվեարկելու հանրաքվեի անցկացմանը և արմատական էր տրամադրված: "Սակայն այսօր Եղեգնաձորում մենք տեսանք, թե ինչպես "Ուժեղ Հայաստանի" ներկայացուցիչը շատ հանգիստ քվեարկեց մեր կոալիցիոն "Հանրապետություն" կուսակցության թեկնածուի օգտին", - ասել է Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե, ընդդիմության պնդմամբ, "Հանրապետություն" կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանն իրականում անկախ է, Ալեքսանյանը հարցրել է. «Ինչպե՞ս թե՝ անկախ։ Նման բան չի կարող լինել, ձեզ միանգամայն անկեղծ ասեմ, հազիվ թե Դավիթ Հարությունյանից ավելի իշխանամետ մարդ գտնվի։ Մեր գործընկերները պատմում են, թե ինչ ակնածանքով է պարոն Հարությունյանը վերաբերվում "Քաղաքացիական պայմանագրին" եւ վարչապետին։ Եթե ինձ խնդրեին նշել Հայաստանի ամենաիշխանամետ համայնքապետերի եռյակը, ապա, ամենայն հավանականությամբ, պարոն Դավիթ Հարությունյանը կընդգրկվեր այդ ցուցակում", - ասել է ԱԺ փոխնախագահը։
Նա նաև նշել է, որ ընդդիմությունը, որին անվանել է ՀՀ երրորդ նախագահի ճակատ, չի կարող իրեն թույլ տալ խոչընդոտ հանդիսանալ ժողովրդի իրավունքի իրացման ճանապարհին: Ընդգծելով, որ նոր սահմանադրության ընդունումը կամ դրա մերժումը ժողովրդի բացառիկ իրավունքն է, Ալեքսանյանը նկատել է. "Եվ ես չեմ նախանձում նրան, ով կկանգնի ժողովրդի եւ նրա իրավունքի իրացման միջեւ":


