


Ըստ երևույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո: Այդ մասին «Թուիթերի» իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Հայկական կողմում նույնպես կորուստներ կան: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը, տվյալ պահին ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական կողմը պատասխան հարված է տվել հակառակորդին, իսկ որոշ տեղամասերում անցել է հարձակման: «Երկու կողմում էլ կորուստներ կան, սակայն հակառակորդն ունի կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ, այդ թվում` ուղղաթիռ», - գրել է Հովհաննիսյանը:



