
ԱրմԻնֆո։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը՝ Ակադեմիայի նիստում, որը նվիրված էր 1943 թվականի նոյեմբերի 10-ին դրա ստեղծմանը։
Աշոտ Սաղյանն ընդգծել է, որ ԳԱԱ-ի կառուցվածքը էապես կփոխվի՝ ակադեմիայի լիազորություններին և հիմնական գործառույթներին համապատասխան։ Նախատեսվում է գործող 5 բաժանմունքների փոխարեն սահմանափակվել երեքով՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների, բնական գիտությունների, ինչպես նաև հումանիտար և սոցիալական գիտությունների բաժանմունքներով։ Բաժանմունքներին կից կստեղծվեն 6 փորձագիտական հանձնաժողովներ՝ համապատասխան ենթահանձնաժողովներով, և 3 հիմնախնդրակենտրոն մասնագիտական խորհուրդներ։ Փորձագիտական հանձնաժողովները փորձաքննության կենթարկեն բոլոր գիտական կազմակերպությունների և լաբորատորիաների ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված հիմնարար, նպատակային և թեմատիկ նախագծերը, կվերահսկեն դրանց իրականացումը և կգնահատեն տարեկան հաշվետվությունները։
«Խոսքը վերաբերում է 78 հիմնարար, 55 նպատակային և պետության կողմից ֆինանսավորվող 751 դրամաշնորհային ծրագրերի, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում։ Մենք պետք է աշխատանքն իրականացնենք՝ ներգրավելով հանրապետությունում առկա գիտական ներուժը՝ ակադեմիայից դուրս, մեր արտասահմանյան անդամների հնարավորությունները և փորձագիտական կարողությունները», — ասել է Աշոտ Սաղյանը։ Նրա խոսքով՝ խորհուրդները պետք է զբաղվեն պետական գերատեսչություններում, մասնավոր հատվածում և հասարակության տարբեր ոլորտներում ծագող տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ գիտական քննարկումների կազմակերպմամբ, ինչպես նաև տրամադրեն մասնագիտական եզրակացություններ և կարծիքներ։
Ակադեմիայի գործառույթներից է նաև գիտական աստիճանների շնորհմանը մասնակցելը։ Նախատեսվում է համակարգել հանրապետությունում այսօր գործող 69 մասնագիտական խորհուրդների գործունեությունը, իսկ ատենախոսությունների պաշտպանությունները կկազմակերպվեն ակադեմիական բաժանմունքների կողմից։
ԳԱԱ նախագահի խոսքով՝ ակադեմիայի կարևորագույն գործառույթներից մեկը կլինի երկրի կառավարությանը գիտական ոլորտի վիճակի վերաբերյալ հաշվետվության կազմումն ու ներկայացումը։ Այդ նպատակով նախատեսվում է ԳԱԱ-ի շրջանակներում ստեղծել գիտավերլուծական կենտրոն, որի հիմնական նպատակը ակադեմիան գիտական քաղաքականության, ռազմավարական կանխատեսումների և անկախ փորձաքննության ձևավորման առանցքային հարթակի վերածելն է։