


Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Ողջունելով դեսպանին նախարարությունում՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է 2026 թվականի նոյեմբերի 9-16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդմանը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ իր հերթին կարևորելով կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը:
Ընդգծվել են միջթանգարանային համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման, երկխոսության հարթակների ձևավորման հնարավորությունները:
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, կողմերը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը՝ այս համատեքստում անդրադառնալով ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, դասագրքերի որակի բարելավմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները 2027 թ. պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


