


Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը, տվյալ պահին ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական կողմը պատասխան հարված է տվել հակառակորդին, իսկ որոշ տեղամասերում անցել է հարձակման: «Երկու կողմում էլ կորուստներ կան, սակայն հակառակորդն ունի կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ, այդ թվում` ուղղաթիռ», - գրել է Հովհաննիսյանը:



