
Արմինֆո. Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված ցավակցական գրառման մեջ՝ "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում "Ուժեղ Հայաստան " կուսակցության Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ:
«Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։ Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին: Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։ Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։ Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։ Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է», - ամփոփել է Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ Արսեն Գևորգյանի մահվան մասին: Այդ տեղեկությունը ԱրմԻնֆո-ին հաստատել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար Նելլի Ավետիսյանը: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի ու ևս 13 անձանց նկատմամբ։ Ավելի ուշ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր՝ երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել է երկամսյա կալանքի կամ տնային կալանքի։