
Արմինֆո.Amsterdam&Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում "Ուժեղ Հայաստան" կուսակցության Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան փաստի առնչությամբ:
Փաստաբանը Facebook-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ ցնցված է Գևորգյանի մահվան լուրից: "Մինչև նրա նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի ՝ կալանավորման կիրառումը, նրա դեմ արդեն հրապարակային քարոզարշավ էր իրականացվում։ Ոչ մի դատարան նրան մեղավոր չի ճանաչել։ Ես հստակ հայտարարում եմ Հայաստանի իշխանություններին ՝ հարգեք անմեղության կանխավարկածը։ Որևէ պաշտոնյա իրավունք չունի մեղադրանքը ներկայացնել որպես ապացուցված մեղք։ Կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է", - ընդգծել է Ամստերդամը։
Միջազգային իրավաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա լուրջ հետևանքներ կարող են ունենալ հասարակական ճնշումներն ու ազատազրկումը: "Մենք դեռ չգիտենք, թե Արսեն Գևորգյանն ինչ է վերապրել կալանքի տակ, և ինչ հանգամանքներում է մահացել։ Բանտում նա չէր կարող ինքնուրույն դիմել բժշկի։ Նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու անմիջական պարտականությունն ընկած էր Հայաստանի իշխանությունների վրա։ Կոչ եմ անում անհապաղ միջազգային հետաքննություն սկսել՝ պարզելու, թե ինչպես է պետական իշխանությունը դաժանաբար կիրառվում նրանց նկատմամբ, ում իրականությունից կտրված Հայաստանի առաջնորդը թշնամի է համարում: Խորին ցավակցություն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու սիրում էին նրան", - եզրափակել է Ամստերդամը:
Նոյեմբերի 10-ի առավոտյան կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար Նելլի Ավետիսյանը ԱրմԻնֆո-ին հաստատել էր, որ Արսեն Գևորգյանը մահացել է քննչական մեկուսարանում: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, նա սրտի կաթված է ստացել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի դեմ ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել է երկամսյա կալանքի կամ տնային կալանքի ։
Հատկանշական է, որ նշված իրադարձություններից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր անձամբ իրեն գրել՝ այն քաղաքացիներին և ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներին, ովքեր ճնշումների են ենթարկվում իշխող "Քաղաքացիական պայմանագիր"ուժի կողմից: Բայց արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նկատենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից առաջ։