


Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն ահաբեկչական գործողություն են ոչ միայն ԼՂՀ ժողովրդի, այլև միջազգային ողջ հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ասելով, ստեղծված իրավիճակը Բաքվի կողմից շարունակվող ագրեսիայի և սադրանքների վերաբերյալ միջազգային հանրության տևական լռության հետևանք է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Հայկական կողմում նույնպես կորուստներ կան: Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը, տվյալ պահին ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական կողմը պատասխան հարված է տվել հակառակորդին, իսկ որոշ տեղամասերում անցել է հարձակման: «Երկու կողմում էլ կորուստներ կան, սակայն հակառակորդն ունի կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ, այդ թվում` ուղղաթիռ», - գրել է Հովհաննիսյանը:



