
Արմինֆո.Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող` ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ «Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին», - ասվում է հաղորդագրությունում։
Նոյեմբերի 10-ի առավոտյան կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար Նելլի Ավետիսյանը ԱրմԻնֆո-ին հաստատել էր, որ Արսեն Գևորգյանը մահացել է քննչական մեկուսարանում: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, նա սրտի կաթված է ստացել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի դեմ ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել է երկամսյա կալանքի կամ տնային կալանքի ։
Հատկանշական է, որ նշված իրադարձություններից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր անձամբ իրեն գրել՝ այն քաղաքացիներին և ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներին, ովքեր ճնշումների են ենթարկվում իշխող "Քաղաքացիական պայմանագիր"ուժի կողմից: Բայց արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նկատենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից առաջ։