
Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքի կիրառումը դարձել է հաշվեհարդարի գործիք։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ազգային օրակարգի շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը։
Արձագանքելով անազատության մեջ "Ուժեղ Հայաստան" կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը ՝ միացյալ ընդդիմությունը նշել է, որ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։
«Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին։ Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։ Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։
Խստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։
Կոչ ենք անում բոլոր միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։
Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։
Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար», - ասվում է հայտարարությունում։
Նոյեմբերի 10-ի առավոտյան կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար Նելլի Ավետիսյանը ԱրմԻնֆո-ին հաստատել էր, որ Արսեն Գևորգյանը մահացել է քննչական մեկուսարանում: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, նա սրտի կաթված է ստացել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի դեմ ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել է երկամսյա կալանքի կամ տնային կալանքի ։
Հատկանշական է, որ նշված իրադարձություններից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր անձամբ իրեն գրել՝ այն քաղաքացիներին և ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներին, ովքեր ճնշումների են ենթարկվում իշխող "Քաղաքացիական պայմանագիր"ուժի կողմից: Բայց արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նկատենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից առաջ։