
Արմինֆո. Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։ Այդ մասին ասվում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարության մեջ։
«Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը, ով Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։ Նա կալանավորվել էր քվեարկությունից չորս օր առաջ։ Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և կուսակիցներին։ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը:
Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը, որի պայմաններում հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ ենթարկվում են հալածանքների ու կալանավորումների, քարոզարշավի և քվեարկության ընթացքում՝ վարչական ճնշումների ու ապօրինությունների, իսկ ընտրություններից հետո՝ նոր բռնաճնշումների։ Երբ իշխանությունն իրավապահ մարմիններն օգտագործում է քաղաքական մրցակիցներին ճնշելու համար, այն սահմանափակում է նաև քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քայլ առ քայլ տանում է դեպի բռնապետություն։
Սա նաև հստակ ազդակ պետք է դառնա մեր ժողովրդի և հանրության համար: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և հարձակումները ժողովրդավարական ազատությունների դեմ, պատժել հակաժողովրդավարական և ապօրինի արարքներ գործած բոլոր պատասխանատուներին։
Հալածանքների ենթարկվող յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ ազատորեն գործելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի պաշտպանությունը բոլորիս գործն է», - ասվում է ՀԱԿ-ի հայտարարությունում։
Ավելի վաղ կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար Նելլի Ավետիսյանը ԱրմԻնֆո-ին հաստատել էր, որ Արսեն Գևորգյանը մահացել է քննչական մեկուսարանում: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, նա սրտի կաթված է ստացել։ ՔԿՀ-ում պատմել են, որ Գեւորգյանի ինքնազգացողությունը վատացել է առավոտյան ժամը 07.55-ին, իսկ արդեն ժամը 08.30-ին բժիշկներն արձանագրել են նրա մահը: Իշխանությունները հավաստիացրել են, որ նախկինում Գեովրքյանը չի բողոքել առողջական խնդիրներից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի դեմ ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել է երկամսյա կալանքի կամ տնային կալանքի ։ Հատկանշական է, որ նշված իրադարձություններից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր անձամբ իրեն գրել՝ այն քաղաքացիներին և ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներին, ովքեր ճնշումների են ենթարկվում իշխող "Քաղաքացիական պայմանագիր"ուժի կողմից: Բայց արդեն նույն օրվա երեկոյան նա ինքն էր սկսել սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նկատենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից առաջ։