
Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության գործարկման 2 տարվա արդյունքներով առաջատարն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն կատարել է օրենսդրության պահանջները՝ զգալի միջոցներ ներդնելով շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության գործարկման համար, ինչպես նաև կազմակերպելով անձնակազմի վերապատրաստում՝ ծառայությունը բաժանորդների համար առավելագույն պարզ ու մատչելի դարձնելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առանցքում բաժանորդին մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության) բարձր որակի ապահովումն է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը գերազանցել է դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխվածների թիվը միայն 2014թ.-ի ընթացքում (-1734), երբ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը նոր էր գործարկվել: Սակայն 2015թ.-ին ծառայության միջոցով դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված համարների թիվը 2957-ով գերազանցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է եղել հեռահաղորդակցության շուկայում՝ այս ծառայության շրջանակում: 2016թ.-ի մարտի 31-ի դրությամբ ևս դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված բաժանորդների թիվը արդեն իսկ 17-ով գերազանցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված համարների թիվը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է մնալ հեռահաղորդակցության շուկայի անգերազանցելի առաջատարը՝ շուկայի և շահույթի մասնաբաժնով:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: