
ԱրմԻնֆո. Ընդդիմադիր գործիչներն արձագանքել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվանը՝ ողջ պատասխանատվությունը դնելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության վրա։
«Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը քաղաքական գործչի մահն անվանել է ողբերգություն, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքական հետապնդումների, վրեժի և վենդետայի հետևանքն է։
"Սա ևս մեկ լուրջ հիշեցում է քաղաքական վրեժի ողբերգական հետևանքների մասին։ Մենք պահանջում ենք Արսենի մահվան բոլոր հանգամանքների ամբողջական, անկախ և անաչառ հետաքննություն։ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցությունը խորին ցավակցություններ է հայտնում Արսենի ընտանիքին, հարազատներին, կուսակիցներին և պայքարի ընկերներին",- իր Facebook-յան էջում գրել է քաղաքական գործիչը։
Իր հերթին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ ցնցված է այս լուրից։ "Ես ցնցված եմ այս սարսափելի լուրից։ Բռնապետական ռեժիմը այս մարդուն բանտարկել էր 20 օր առաջ՝ բացառապես քաղաքական պատճառներով՝ Ստեփանավանի քաղաքապետի ընտրություններում հեշտ հաղթանակ ապահովելու նպատակով",- նշել է նա։
« Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը արձանագրել է, որ այս կառավարության նողկալի գործողությունների հետևանքով ևս մեկ մարդկային կյանք ընդհատվեց։ "Քանի՞ դեպք է գրանցվել միայն վերջին մեկ տարվա ընթացքում, երբ մարդկանց ձերբակալել են այնպիսի գործերով, որոնք կապված չեն ծանր հանցագործությունների հետ։ Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական այլախոհության համար սպանություն։ Կալանավորումը որպես կանխարգելիչ միջոց կիրառելը պատիժ է, երբ այն անհիմն է։ Իսկ այս իշխանությունների դեպքում՝ քաղաքական հակառակորդների մահախոսական։ Մեկ այլ դեպքում՝ սպանություն ուղիղ նրանց քթի տակ. այս երկրի դատական համակարգը պետք է պատասխան տա իր գործողությունների համար, ի վերջո ո՞ւմ է այն ծառայում՝ Փաշինյանի օրակարգի՞ն, թե՞ օրենքին։ Բավական է խաղալ մարդկային ճակատագրերի հետ", - նշել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Արսեն Գևորգյանի վաղաժամ մահը ծանր բեռ է լինելու ներկայիս իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգին ծառայող դատական համակարգի խղճին։ Թանդիլյանը համոզմունք է հայտնել, որ սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է համակողմանիորեն և անաչառորեն հետաքննվեն։
Իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Facebook-յան իր էջում կատարած հրապարակման մեջ ընդգծել է, որ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում է ոչ միայն նրա ձերբակալության հրամանը տված և ձերբակալության մասին որոշում կայացրած անձը, այլև բոլոր նրանք, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները։
"Դուք այսօր մարդ սպանեցիք։ Ամեն անգամ, երբ մեղադրյալի առողջական վիճակի պատճառով անձին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացվում, միշտ գտնվում են մարդիկ, որոնք ծաղրում են մարդու առողջական վիճակը և անտեսում բժշկական տվյալները։ Արդյունքում հենց կալանավորվածներն են սկսում զերծ մնալ այդ խնդիրների մասին խոսելուց, որպեսզի այլ տպավորություն չստեղծվի, և տեղի է ունենում ահա այսպիսի բան", - գրել է նա։
Ավելի վաղ կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Նելլի Ավետիսյանը ԱրմԻնֆոյին հաստատել էր, որ Արսեն Գևորգյանը մահացել է նախնական կալանքի վայրում։ Ըստ հայկական լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանի որոշմամբ Գևորգյանը երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ Եվս 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր երկամսյա կալանքը կամ տնային կալանքը։ Հատկանշական է, որ նշված իրադարձություններից մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր անձամբ իրեն գրել այն քաղաքացիներին և համայնքների ղեկավարի թեկնածուներին, որոնք ՏԻՄ ընտրություններում ճնշումների են ենթարկվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի կողմից։ Սակայն նույն օրվա երեկոյան նա ինքն սկսեց սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նշենք, որ այս ամենը տեղի ունեցավ Ստեփանավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։