


ԱրմԻնֆո: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի փոքր համերգասրահում կկայանա ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» էպիկական վոկալ պոեմի՝ Հայաստանում առաջին թատերական ներկայացման պրեմիերան:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ նախագիծն իրականացվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, ԱՍԿ կրթամշակութային կենտրոնի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի հետ համատեղ:
Ստեղծագործությունը գրվել է 1950 թվականին՝ Ավետիք Իսահակյանի տարբեր տարիների 11 բանաստեղծությունների հիման վրա: Բասի, տենորի և դաշնամուրի համար նախատեսված ներկայացումը առաջին անգամ կներկայացվի որպես ամբողջական երաժշտական, դրամատիկական և թատերական ստեղծագործություն:
Նախագծի հեղինակը, գեղարվեստական ղեկավարը և ռեժիսորը Արսեն Ղազարյանն է (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ և «ԱՍԿ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն): Կատարողներ՝ Հայկ Տիգրանյան (բաս), Հովհաննես Անդրեասյան (տենոր) և Լյուսյա Շահնազարյան (դաշնամուր):
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 21:00-ին:


