
ԱրմԻնֆո. Արցախցիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը գտնվում է իր իրականացման ակտիվ փուլում։ Այս մասին նոյեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման խորհրդական Գայանե Կարագյոզյանը։
Նրա խոսքով՝ ակտիվացում է նկատվում ինչպես աջակցության համար դիմումների, այնպես էլ բնակարանային վկայականների իրացման ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ արդեն հաստատվել է 9042 վկայական, որոնք ընդգրկում են շուրջ 32 հազար մարդու։ Այդ թվից 5372 անձի հաջողվել է իրացնել բնակարանային վկայականները։ Այսպիսով, եթե հաշվի առնենք ընտանիքի անդամների թիվը, ապա կարելի է պնդել, որ շուրջ 25 հազար մարդ արդեն տանիք ունի գլխավերևում կամ կառուցում է իր տունը։ Բնակարանային վկայական ստանալու համար դիմածների ընդհանուր թվից միայն 396 մարդ է որոշել կառուցել սեփական տունը, որոնցից 107-ն ամբողջությամբ ավարտել է շինարարությունը։
Կարագյոզյանը նշել է, որ բնակարանների երկրորդային շուկայի հնարավորությունների սպառման պայմաններում դիմողներից շատերը սկսել են նախապատվությունը տալ բնակարանաշինության բաղադրիչին։ Նախարարությունն իր հերթին քայլեր է ձեռնարկում այս բաղադրիչի պայմանները բարելավելու ուղղությամբ, որպեսզի շահառուները խնդիրներ չունենան ո՛չ բանկերի, ո՛չ շինարարական կազմակերպությունների հետ։ Բնակարանների բաշխման աշխարհագրությունը վկայում է, որ այստեղ առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ նոր բնակարան ձեռք բերելու ցանկություն է հայտնել 1534 շահառու, ապա հաջորդում են Արարատի և Արմավիրի մարզերը (համապատասխանաբար՝ 830 և 748 շահառու), Երևանը (538 շահառու) և այլք։
2027 թվականին այս ծրագրի իրականացման համար նախատեսվում է ուղղել 42 մլրդ դրամ։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագիրն իրականացնում է Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական ուղղություն՝ բնակարան, այդ թվում՝ կառուցվող շենքում, կամ բնակելի տուն ձեռք բերելու համար վկայականի տրամադրում, անհատական բնակելի տուն կառուցելու համար վկայականի տրամադրում, արդեն գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Ֆինանսական աջակցության չափը կախված է ընտրված բնակավայրից՝ 5 մլն դրամ՝ հաստատված 242 գյուղական և քաղաքային բնակավայրերից մեկում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում, 4 մլն դրամ՝ Հայաստանի այլ մարզային բնակավայրերում կամ Երևանին հարակից համայնքներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում, 3 մլն դրամ՝ Երևանում, բացառությամբ մայրաքաղաքի 1-ին և 2-րդ գոտիների։