
ԱրմԻնֆո. Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը փոխանցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցմանը և անդամավճարների չվճարմանը, երկիրը առայժմ շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։
"Մենք Երևանին մեր համագործակցությունից դուրս չենք թողնում՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակներում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից փոխադարձ քայլեր չենք տեսնում, - ընդգծել է Պանկինը։ - Ավելի շուտ, հակառակը՝ կրկին ակնհայտ են ընդունվող որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը"։
Այս կապակցությամբ ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ "ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև կուտակված անդամավճարների ամբողջական վճարումը"։
Խոսելով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովից ակնկալիքների մասին՝ նա նշել է, որ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը "կդառնա միավորման մեջ Ռուսաստանի նախագահության գագաթնակետը"։
"Մեր պետությունների ղեկավարների հաստատմանը նախատեսվում է ներկայացնել փաստաթղթերի ընդարձակ փաթեթ, որն ուղղված է միավորման ներուժի հետագա համակողմանի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային կայունության պահպանման առանցքային մեխանիզմներից մեկի", - մանրամասնել է Պանկինը։
Բացի այդ, նրա խոսքով, նիստի մասնակիցները նախատեսում են նաև "համադրել ժամացույցները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերի շուրջ, որոշել ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները"։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, քանի որ Կազմակերպությունը չի կատարել ՀՀ-ի առջև ստանձնած պարտավորությունները, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար