
Արմինֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ձեռնամուխ է եղել հայոց պատմության մեջ մութ կետերի որոնմանը ՝ փորձելով արդարացնել գործող իշխանությունների՝ թշնամու հետ պայմանավորվելու անկարողությունը: Եվ այդ հերյուրանքների մեջ հասել է այն մտքին, որ, պարզվում է, Հայոց ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է ոչ թե հայ ականավոր գործիչների ջանքերի շնորհիվ, այլ՝ այն պատճառով, որ, պարզվում է, ԽՍՀՄ-ում ուզում էին, որ հայ ժողովուրդը ռուսների մեջ փրկիչ տեսնի:
"Ո՞վ է ասել, որ մենք լավ հարևաններ ենք Թուրքիայի և Ադրբեջանի համար, և նրանք նստելու են ու սպասեն, մինչև մենք ուժեղանանք, դառնանք Մեծ Հայք, հարձակվենք ու խժռենք նրանց», - հայտարարել է Սիմոնյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ այսօր Հայաստանը չի կարող բանակցային սեղանի շուրջ նստել գայլի հետ, քանի որ ի վիճակի չէ պայքարել նրա դեմ՝ իր թուլության պատճառով:
Սիմոնյանը հավաստիացրել է, որ եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկանան հարձակվել, Հայաստանը "չի հասցնի ուժեղանալ": "Սա մոլորություն է, որով մեզ կերակրել են, թե մենք պետք է ռուսներից կառչենք, այլապես թուրքերը մեզ կուտեն, եւ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ինչպե՞ս պետք է ուժեղանանք: ԽՍՀՄ փլուզումից հետո մեր բնակչությունը չի ավելացել՝ ի տարբերություն Ադրբեջանի բնակչությանը, որը հասել է 10 միլիոնի", - նշել է նա՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի քննարկումների ժամանակ։
Այնուհետև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մտորումների մեջ է մտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության առնչությամբ և ծավալուն մտքեր հայտնել։ "Ինչպե՞ս է ստացվել, որ Խորհրդային Միության ղեկավարությունը մեզ թույլ է տվել անցյալ դարի 60-ական թվականներին կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում։ Դրա նպատակն այն է, որ մենք միշտ նայենք այդ հուշահամալիրին, ամեն տարի գնանք այնտեղ և հիշենք, որ եթե ռուս եղբայր չլինի, Թուրքերը կգան և նոր ցեղասպանություն կանեն", - հեգնանքով ասել Է Սիմոնյանը։
Ընդ որում, նա ակնարկել է, որ "ոչխարի մորթով գայլը" ոչ թե Թուրքիան է ու Ադրբեջանը, այլ՝ Ռուսաստանը՝ այդպիսով շարունակելով թեժացնել հակառուսական տրամադրությունները հայ հասարակության շրջանում։
"Եթե ցանկանան, ոչ ռուսական ռազմակայանը, ոչ էլ մեր ինչ-որ բան մեզ չի փրկի։ Մենք չպետք է մեզ հեքիաթներով կերակրենք: Մենք չպետք է պատերազմի առիթ տանք, դա մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքն է", - ասել է ԱԽ քարտուղարը։
Նա նաև Արցախի շուրջ ընթացող գործընթացների ողջ պատասխանատվությունը բարդել է Ռուսաստանի վրա, այդ թվում ՝ ռազմական գործողությունների մեկնարկը։ Ընդ որում, նա մոռացել է, որ հենց Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ "Արցախը Հայաստան է, և վերջ"՝ հրահրելով 2020 թվականի պատերազմը, այնուհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։
Նշենք, որ Հայաստանի վարչապետը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության փաստը: "Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու է դա տեղի ունեցել։ Եվ՝ թե ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել. ինչպես է ստացվել, որ 1939 թվին չկար Հայոց ցեղասպանության օրակարգ, իսկ 1950 թվին այն հայտնվեց: Թե ինչպես է դա տեղի ունեցել, մենք պետք է հասկանանք կամ չպետք է հասկանանք", - նշել էր Հայաստանի վարչապետը։ Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նա, ըստ երեւույթին, կամ տեղյակ չէ, որ ցեղասպանություն եզրույթը շրջանառության մեջ է դրվել ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի կողմից՝ միայն 1944 թվականին, կամ էլ նա նպատակասլաց կերպով փորձում է ստեղծել պատում այն մասին, որ "այդ հարցն արհեստականորեն բարձրացվել է Խորհրդային Միության կողմից՝ Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու համար"։
Ավելի վաղ՝ անցյալ տարվա հոկտեմբերին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն առաջ մղելու հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առանձնաշնորհը չէ: Այնուհետև նա կրկնել էր Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշված պատումներն այն մասին, որ այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները։ Փաստորեն, այդ հայտարարությամբ Միրզոյանը վերահաստատել էր փորձագետների մտավախությունները, որոնք ավելի վաղ արտահայտվում էին այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ կանեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ ոտնահարելով սեփական ազգային շահերը, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով ։
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Հայերն ամեն տարի ապրիլի 24-ին հիշում են ողբերգության զոհերին։ Թուրքիան ավանդաբար հերքում է ավելի քան 1,5 միլիոն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքները։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: 1965 թվականին ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր։ Այնուհետև այդ փաստը ճանաչել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Միացյալ Թագավորությունը, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ-ը, Սիրիան, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: