
Արմինֆո. Հայաստանը երբեք Իրանի դեմ չի գնա որևէ նախագիծ իրականացնելիս, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված քննարկումների ժամանակ՝ ի պատասխան ճշգրտող հարցին, թե արդյոք TRIPP-ը կարող է օգտագործվել Իրանի դեմ։
Նրա հավաստմամբ՝ Հայաստանը երբեք չի կարող միանալ մի նախագծի, որն ուղղված լինի իր անմիջական հարևանի՝ տվյալ դեպքում Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ հայկական կողմն այդ մասին տեղեկացրել է իր բոլոր հարևաններին։
"Մենք երբեք չենք միանա, չենք կարող ներգրավվել Իրանի կամ որևէ հարևանի դեմ որևէ գործընթացի մեջ։ Սա մեր քաղաքական դիրքորոշումն է։ Եվ, երկրորդ, TRIPP-ը տնտեսական նախագիծ է: TRIPP-ը չի ենթադրում, որ այնտեղ կլինի գոնե մեկ զինված զինվոր ", - ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ TRIPP-ը հնարավորություններ կբացի նաև Իրանի համար։ Նա բացառել է Իրանի դեմ որևէ գործողություն՝ հայ-ամերիկյան այդ նախագիծն իրականացնելիս:
Նա նաև շտապել է ընդգծել, որ այս նախագիծը Միջին միջանցքի կարևոր մաս է, որը նոր տնտեսական հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի համար: Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի բացակայությունը խոչընդոտ չէ այդ լայնածավալ նախագծի իրականացման համար, որը կարևոր նշանակություն ունի նաև անվտանգության տեսանկյունից:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով:
Իսկ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։