


Եվրոպացիների նոր սերունդը լավ իրազեկված կլինի Հայոց ցեղասպանության մասին: Ապրիլի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այդ հարցում կարևոր ավանդ է Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը մի շարք եվրոպական երկրների դպրոցական ծրագրերում: Չնայած այդ հարցում քաղաքական ճնշում գործադրելու Թուրքիայի փորձերին` դա արդեն անդառնալի գործընթաց է», - նշել է Սաֆրաստյանը:
Անդրադառնալով փախստականների ճգնաժամին` թուրքագետը նշել է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում այդ հարցում: Նրա ասելով, չնայած այն հանգամանքին, որ մի շարք եվրոպական երկրներ ԵՄ-ից պահանջել են Թուրքիայինպայման առաջադրել Սիրիայի հետ սահմանի փակման տեսքով, թուրքական կողմը չի դիմել այդ քայլին, ավելին, առաջ է քաշել իր պայմանները:
«Անկարան ԵՄ-ին առաջարկել է Թուրքիա վերադարձնել անցանկալի անձանց: Եվրամիությունը Թուրքիայի հետ գործարքի է գնացել այդ հարցում, և այժմ Անկարան նաև միլիարդներ է ստանում փախստականների խնդիրը լուծելու համար: Սակայն, կարծում եմ, որ եվրոպացիները նույնպես միամիտ չեն և այդ քայլին դիմել են` հետապնդելով սեփական նպատակները: Ենթադրում եմ, որ գործարքը երկարի չի տևի, և կգա ավելի բարենպաստ պահ, այդ թվում` նաև Հայաստանի համար», - նշել է նա:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նաև հավաստիացրել է, որ Էրդողանի անձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հակակրանքն է հարուցում, և` ոչ միայն նրա, բայց չի կարելի մոռանալ, որ Անկարան ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ համար:



