
Արմինֆո. Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այդ մասին ասվում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունում։
«Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում, քաղաքական պատասխանատվություն և միասնական օրակարգի շուրջ կառուցողական համագործակցություն։ Համոզված ենք, որ ազգային ինքնության, պետականության, անվտանգության, արժանապատվության և իրավունքների պաշտպանության հարցերը չեն կարող ունենալ մասնակի կամ տարանջատված լուծումներ։
Միևնույն ժամանակ, ափսոսանք ենք հայտնում, որ այս կարևոր նախաձեռնության քննարկմանն ու ձևավորմանը ներգրավված չեն եղել Արցախի իշխանությունները։ Մինչդեռ Արցախի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից։
Համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։ Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է։ Հույս ունենք, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը», - նշել է Իսկանդարյանը։
Նշենք, որ նոյեմբերի 4-ի ուշ երեկոյան 13 քաղաքական ուժեր հայտարարել են ուժերի համախմբման մասին՝ Հայաստանի գործող իշխանության դեմ պայքարում։ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են համազգային համախմբման մասին հետևյալ նպատակների շուրջ. հրաժարում պարտադրվող "ալիևյան սահմանադրությունից", խաղաղություն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում: