
ԱրմԻնֆո. Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։
Հայաստանի ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն, այս ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը։
«Տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ՝ կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Տեխնիկական պլանավորման այս խմբերի ձևավորումը կարևոր քայլ է բարդ տեխնիկական հարցերի լուծման և իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման առումով։ Կողմերը վերահաստատել են ԹՐԻՓՓ-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով:
Իսկ արդեն 2016 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։