


Արմինֆո.2026 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը։
Հայաստանի ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։ Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը վերսկսելու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2024 թվականի ապրիլին։ Սահմանազատման աշխատանքը պետք է իրականացվի 1991թ. Ալմաթիի հռչակագրի շրջանակներում։


