
Արմինֆո.Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը պատրաստ կլինի մեկնել Բաքու, երբ հաջողվի համաձայնեցնել հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։ Այդ մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ ՝ Վերոնիկա Զոնաբենդի հայտարարության մեջ։
«Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող ենթարկել։ Տարբեր երկրներից նախաձեռնությանը միացան իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ էին այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները», - ասվում է Վարդանյանի կնոջ հայտարարությունում։
Զոնաբենդը հիշեցրել է, որ 2026 թվականի հունիսից մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին, առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ նրա աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ:
«Խնդրել եմ նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները։ Ցավոք, պատասխան այդպես էլ չեմ ստացել: Փոխարենն այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Բաքու մեկնելու պարագայում իմ հնարավոր ձերբակալության մասին։ Մեզ նաև անհանգստացնում է, որ օգոստոսի 25-ից նույնիսկ Ռուբենի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Ցանկանում ենք հուսալ, որ այդ հարցը կկարգավորվի: Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր հարցումը դեռևս անպատասխան է մնում», - հավելել է նա։
Զոնաբենդն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը զարգանում են, հայկական պատվիրակություններն այցելում են Ադրբեջան։ Նրա ասելով՝ սա վկայում է, որ առկա են բոլոր նախադրյալները մարդասիրական այց կազմակերպելու համար, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում։
«Մենք որոշեցինք չհետաձգել այն նամակների փոխանցումը, որոնք պատվիրակությունը պետք է անձամբ հանձներ հայ գերիներին։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է բոլոր հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելու հարցում։ Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր նամակ կհասնի իր հասցեատիրոջը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր բանտարկյալ ստանա աջակցության խոսքեր և իմանա, որ իրեն հիշում են։
Շնորհակալ եմ պատվիրակության յուրաքանչյուր մասնակցի և բոլոր նրանց, ովքեր աջակցության նամակ են գրել։ Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը տուն վերադառնան։ Մենք գիտակցում ենք, որ այս ճանապարհը կարող է երկար լինել, բայց հավատում ենք, որ այն կհանգեցնի արդարացի լուծման», - ասվում է Զոհաբենդի հայտարարությունում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։