


ԱրմԻնֆո. Նոյեմբերի 6-ին «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ։
«Մայր Հայաստան» կուսակցության տեղեկատվական բաժնի հաղորդագրության համաձայն,
հանդիպման ընթացքում «Մայր Հայաստան»-ի պատվիրակները ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի արտաքին քաղաքականության և ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց խնդիրներին և ժողովրդավարության հետընթացին։
Պարոն Աարոն Քոն ներկայացրել է Կանադայի դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստով: Թևանյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա պետությանը փոխանցելու համար: Իսկ մայիսի 24-ի գիշերը Թևանյանը դատարանի որոշմամբ դատապարտվել է երկամսյա կալանքի: Ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով ։ Ինքը ՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այս պնդումները, նկատելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, և, հետևաբար, Քննչական կոմիտեի նման պնդումներն իրենց տակ հող չունեն։ Օգոստոսի 18-ին գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութն ուղարկվել է դատարան, սակայն Թևանյանը շարունակում է գտնվել մեկուսարանում:


