
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորումը նպատակ ուներ խանգարել ընդդիմության համախմբմանը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա ասելով՝ 2018 թվականից մինչև 2026 թվականը Հայաստանի գործող իշխանությունն ունի ընդամենը մեկ գործիք, որից չի հրաժարվել և մտադիր չԷ հրաժարվել որևէ պարագայում ՝ կալանավորում: "Որևէ այլ հարցում իշխանությունը չի ցուցաբերում այնպիսի հետևողականություն, ինչպես՝ կալանք կիրառելու հարցում։ Նրանք պատրաստ էին հայտարարել․ "Արցախը Հայաստան է և վերջ", սակայն հետագայում մոռացան Արցախի մասին, և այսօր ոչ մի խոսք չեն ասում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Փոխարենը՝ կալանավորումների հարցում հետևողական են", - ուշադրություն է հրավիրել Վարդևանյանը։
Մինչդեռ, ինչպես հիշեցրելլ է ԱԺ փոխնախագահը, Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ: "Կոչ եմ անում ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանում եղել է տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից առնվազն մեկ դեպք, երբ հանրային լայն հնչեղություն ստացած գործերով քննիչը կամ դատախազը մեղադրյալին տնային կալանքի տեղափոխելուց հետո դիմել են դատարան ՝ նրան կրկին կալանավորելու պահանջով ։ Դուք չեք գտնի նման դեպք: Սամվել Կարապետյանը 7 ամիս շարունակ գտնվել է "Երևան-Կենտրոն" բանտում, որից հետո մինչև երեկ տնային կալանքի տակ է եղել: Եվ ոչ մի խախտում չի կատարել: Այն, որ սա քաղաքական հետապնդում է, անվիճելի փաստ է", - հայտարարել է Վարդևանյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ խափանման միջոցի խստացումը պայմանավորված է "ալիևյան սահմանադրության" օրակարգը հայ հանրությանը, իսկ այս դեպքում ՝ խորհրդարանական ընդդիմությանը պարտադրելու իշխանությունների փորձով: Միաժամանակ, Վարդևանյանը վստահեցրել է, որ դա որևէ կերպ չի ազդի Սամվել Կարապետյանի դիրքորոշման վրա: Առանձին՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր ուժերի հանդիպումը տեղի է ունեցել հենց "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդի տանը։ "Այդ հանդիպումը պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ՝ այսօր, քանի որ դա նրա նախաձեռնությունն էր։ Հետաքրքիր է, որ Կարապետյանը ձերբակալվեց հենց երեկ", - նշել է Ազգային ժողովի փոխնախագահը։
Նա համոզմունք է հայտնել, որ իրավապահներն իրենց ծրագրերի մասին տեղյակ են եղել գաղտնալսման միջոցով: "Բայց նույնիսկ Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալությունը չխանգարեց ընդդիմությանը անցկացնել այդ հանդիպումը և հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Վստահ եմ, որ համախմբման այս օրակարգը շարունակական է լինելու ։ Ուժեղ Հայաստան դեռ կլինի։ Դժվարությունները դրանք հաղթահարելու համար են", - եզրափակել է Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխարինվել է 1 ամիս ժամկետով կալանքով: Հատկանշական է, որ կալանավորումը հաջորդել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոր սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդելու դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի հասարակական ճնշում ձևավորել: Բացի այդ, նա նշել է, որ "իշխանությունները կարող են խորհրդարանական ընդդիմության համար այնպիսի առաջարկ ձևակերպել նոր սահմանադրության վերաբերյալ, որից նա չի կարող հրաժարվել":
Նույն օրը "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած հանդիպման արդյունքում 13 ընդդիմադիր ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում պատրաստակաամոություն են հայտնել միավորել իրենց ջանքերը ազգային առաջնահերթ խնդիրների շուրջ հասարակական միասնության մթնոլորտ ձևավորելու և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Նրանք նաև կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին միանալ ազգային համախմբմանը: