


ԱրմԻնֆո. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կառուցված հուշահամալիրում նույնպես կտեղադրվեն զրահատեխնիկա: Նոյեմբերի 5-ի նիստում ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Մարտունի համայնքին հանձնելու շահագործումից հանված զրահատեխնիկա:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքի ղեկավարը դիմել է Պաշտպանության նախարարությանը՝ համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու համար չօգտագործվող զրահատեխնիկա տրամադրելու խնդրանքով՝ այնտեղ անցկացվող արարողություններին ավելի ռազմահայրենասիրական բնույթ հաղորդելու նպատակով:
Պաշտպանության նախարարությունն ունի BRDM-2S-1 զրահատեխնիկա, որոնք համարվել են անպիտան, շահագործումից հանվել և ապամոնտաժվել: Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել համայնքին հանձնել վերոնշյալ ապամոնտաժված մեքենաները, որոնք հասանելի են միայն կմախքի տեսքով: Գույքի արժեքը գնահատվում է 2,625 միլիոն դրամ: Այն պաշտպանական արժեք չունի և նախատեսված չէ պաշտպանական խնդիրներ կատարելու համար:


