
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինվել է 1 ամիս ժամկետով կալանքով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ դատարանը բավական մանրամասն և երկար ժամանակ քննել է միջնորդությունը, չնայած այն հանգամանքին, որ գործն ակնհայտորեն ապօրինի էր և չէր դիմանում որևէ իրավական քննադատության։ «Այնուամենայնիվ, դատարանը որոշեց բավարարել այդ միջնորդությունը։ Դատարանը որոշեց Սամվել Կարապետյանին կալանավորել 1 ամիս ժամկետով», - նշել է փաստաբանը։
Ֆերոյանն ընդգծել է, որ իրենք այդ որոշումն ապօրինի և անհիմն են համարում, ինչի կապակցությամբ մտադիր են բողոքարկել այն։ Բացի այդ, նա ընդգծել է, որ, իրենց կարծիքով, ընդունված որոշումն ունի քաղաքական շարժառիթներ։ «Ցանկացած օբյեկտիվ և անկողմնակալ դիտորդ, ուշադիր ուսումնասիրելով գործը, չի կարող չտեսնել, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի», - ամփոփել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը հայտնել էր, որ վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են անցկացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ Նա նշել էր, որ խուզարկություններ են անցկացվում նաև Կարապետյանների ընտանիքի հետ կապված այլ հասցեներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ խուզարկություններն իրականացվում են միաժամանակ 65 հասցեներում։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Սամվել Կարապետյանին և նրան դուրս բերել նրա տան հետնամուտքով։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեում հայտնել են, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կարիքների համար ներգրավված վարկային միջոցների յուրացման համար։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 35 մարդ։
Ավելացնենք, որ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդեցության դեպքում իշխանական մեծամասնությունը կսկսի ձևավորել հասարակական ճնշում։ Բացի այդ, նա նշել էր, որ «իշխանությունները խորհրդարանական ընդդիմության համար կարող են նոր Սահմանադրության վերաբերյալ այնպիսի առաջարկ ձևակերպել, որից այն չի կարողանա հրաժարվել»։