
Արմինֆո. Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների և արգելել նրանց մուտքը երկիր, հաղորդում է Vesti.az-ը։.
Ցուցակում ընդգրկվել են Իրանի խորհրդարանի գործող և նախկին պատգամավորներ, երկու այաթոլլաներ, Keyhan թերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական փորձագետներ և հեռուստահաղորդավար:
Ինչպես հաղորդվում է, որոշումն ընդունվել է "Ադրբեջանի, նրա ղեկավարության և պետական համակարգի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունների, մեղադրանքների և կոչերի հաճախակիացման ֆոնին":
Ադրբեջանի իշխանությունները ցուցակում ընդգրկված իրանցիներին մեղադրում են "կրոնական արմատականություն քարոզելու, թշնամանք հրահրելու, Ադրբեջանի ինքնիշխանության դեմ հանդես գալու և բռնի իշխանափոխության կոչեր անելու" համար:
Ադրբեջանի "սև ցուցակում" են․ քաղաքական վերլուծաբան, փորձագետ և Թեհրանի Ալամե Թաբաթաբայիի անվան համալսարանի դասախոս Էհսան Մովահհեդիանը, Թավրիզի համալսարանին առընթեր Կովկասի և Անատոլիայի հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար Ահմեդ Ֆարշբաֆիանը, Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի պատգամավոր Քյամրան Ղազենֆարին, Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Ալիռեզա Բեյգին, Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի պատգամավոր Աբուլֆազլ Զոհրևանդը, Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի պատգամավոր Աբբաս Մոգթադաի Խորասանին, Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսի պատգամավոր Ալիռեզա Սալիմին, իրանական Keyhan թերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, Փորձագետների խորհրդի անդամ, որն ընտրում է Իրանի գերագույն ղեկավարին, ինչպես նաև ընդունվող որոշումների նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ այաթոլլա Մոհսեն Արաքին, Կումայի հոգևոր ճեմարանի հեղինակների և դասախոսների միության անդամ, Քում քաղաքի "Աիմմեի-Աթհար" իսլամական իրավունքի կենտրոնի ղեկավար Այաթոլլա Մոհամմադ Ջավադ Ֆազել Լենքորանին, Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղար Աբդոլհոսեյն Խոսրոուպանախը, Թավրիզի ուրբաթօրյա Իմամ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, ինչպես նաև Արևելյան Ադրբեջան նահանգում Իրանի գերագույն ղեկավարի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Խոջաթ-ՕԼ-իսլամ Գոլյամրեզա Կավաշին, պրոֆեսոր և քաղաքական փորձագետ Դարիուշ Սաֆարնեժադը և դերասան ու հեռուստահաղորդավար Ահմադրեզա Մուսավին: