
ԱրմԻնֆո. Մոնակոյի իշխանությունում բացված Եվրոպայի խորհրդի սպորտի նախարարների 19-րդ համաժողովի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեչոտայի հետ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար և բարձր գնահատել գործակալության աջակցությունը Հայաստանին։ Ժաննա Անդրեասյանը Օլիվիե Նիգլիին ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում միջազգային մարզական մրցաշարեր անցկացնելու ծրագրերը՝ ընդգծելով գործակալությանը WADA-ի պահանջներին համապատասխան անհրաժեշտ գործընթացները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու գործում աջակցելու կարևորությունը։
Գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ դպրոցական ուսումնական ծրագրերում հակադոպինգային կրթության բաղադրիչ ներառելու ոլորտում։ Ընդգծվեց հակադոպինգային գործակալության գործունեության, դոպինգի կանխարգելման և ոլորտի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը՝ սկսած դպրոցական տարիքից։
Այս համատեքստում նախարարը ներկայացրեց Հայաստանի դպրոցներում իրականացվող «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը և անդրադարձավ Հայաստանում հակադոպինգային գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը։
Գործակալության ներկայացուցիչները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին միջազգային չափանիշներին համապատասխան լիցենզավորված լաբորատորիաներ ստեղծելու և համապատասխան հետազոտությունների համար փորձագիտական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու հարցում։
Եվրոպայի խորհրդի սպորտի նախարարների համաժողովին մասնակցում են նաև Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և Եվրոպայի խորհրդի կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարի խորհրդական Արփինե Գևորգյանը։