
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի խանգարում ընդլայնել մեր համագործակցության օրակարգը ԵՄ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում:
Նրա խոսքով, երկրի իշխանությունները հետևողական քայլեր են կատարում տնտեսական ոլորտում: ՙԱյստեղ մեզ համար զարգացման մոդել են հանդիսանում ազատ շուկայական սկզբունքներով գործող տնտեսությունները: Փորձում ենք օգտագործել տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները` մի կողմից ապավինելով մեր մրցակցային առավելությանը, որի հենքը մարդկային կապիտալն է, իսկ մյուս կողմից` համատեղելով ինտեգրացիոն տարբեր գործընթացներ: Ակնհայտ է, որ Հայաստանի փոքր շուկան, որքան էլ որ երկրի տնտեսական միջավայրը ազատականացված, իսկ ֆինանսական համակարգը առողջ լինի, արտաքին խոշոր տնտեսական գործընկերներին հետաքրքիր լինելու համար պետք է ինտեգրված լինի առավել մեծ տնտեսական համագործակցության ձևաչափերում: Այս իրողությունը հստակ գիտակցելով՝ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը:Անշուշտ, մեզ դա չի խանգարում բնականոն կերպով ընդլայնել մեր համագործակցության օրակարգը ԵՄ-ի հետ, այդ թվում՝ խոր գործակցություն ծավալել տնտեսական բարեփոխումների ոլորտում՚,- ասել է նախագահը:
Նա ավելացրել է նաև, որ Հայաստանի համար շատ դրական զարգացում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը: Նրա խոսքով, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հանգամանքը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գործարարների համար լավ ճանաչելի 77 միլիոնանոց շուկայում: ՙՀարևան պետությունների հետ փորձում ենք էներգետիկ և տրանսպորտային համատեղ ծրագրեր առաջ տանել: Նախաձեռնել ենք մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծեր. մեր երկրի հյուսիսը հարավին կապող ժամանակակից մայրուղի ենք կառուցում, իրանական կողմի հետ քննարկում ենք ՀայաստանԻրան երկաթգծի շինարարության վերաբերյալ հարցերը, ակտիվ ներգրավված ենք ԵԱՏՄ-«Մետաքսի ճանապարհե համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման գործընթացում: Նման նախաձեռնություններով Հայաստանը փորձում է մեղմել իր արևելյան և արևմտյան հարևանների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ապօրինի շրջափակման վնասները: Մեր որոշ հարևաններ այսօր էլ չեն հրաժարվում տնտեսական շանտաժի քաղաքականությունից: Դրա հետևանքն են տարածաշրջանում առկա բաժանարար գծերը, իսկ Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա պետական սահմանն է: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության մաքսային միության անդամ է, նշանակում է՝ փակ է այդ երկու կառույցների հետ արդյունավետ գործընկերություն զարգացնող Հայաստանի սահմանը: Գաղտնիք չէ, որ միջազգային հարաբերություններում տնտեսությունը առանցքային գործոն է, և հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են թելադրում քաղաքական օրակարգը: Այդուհանդերձ, մի բան միանշանակ է` տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել, տնտեսական դիվանագիտությունը զարգացման գործիք է, համագործակցության, ինտեգրման գործիք է: Տնտեսական համագործակցությունը, հատկապես հակամարտության գոտիներում, վստահության կառուցման լավագույն հնարավորություններից է, ինչը դեպի խաղաղություն տանող ամենակարճ ճանապարհն է՚,- ընդգծել է նա:
Սարգսյանը նշել է, որ կան արտաքին անբարենպաստ հանգամանքներ. փակ սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գլոբալ տնտեսական հիմնախնդիրներ, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ տարածաշրջանում և այլն, բայց մեր խնդիրների լուծումը առաջին հերթին մենք տեսնում ենք երկրի ներսում: ՙՄենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին և հնարավորություններին: Շատ լավ գիտենք, որ ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, բացի մեզնից: Իհարկե, մենք ունենք դաշնակիցներ, գործընկերներ և բարեկամներ և շատ թանկ ենք գնահատում մեր համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերում, բայց, կրկնում եմ՝ ավելի բարեկեցիկ և ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է: Եվ մենք դա հստակ գիտակցում ենք՚,- եզրափակել է Սարգսյանը: