


Հրազդանի ՀՀԿ կառույցը շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների հետ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ կապված լարվածությունը:
Նրա խոսքով, որոշ քաղաքական ուժեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն օգտագործում են իրենց նպատակների համար: ՙՄեր թիմը շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների հետ և առայժմ օգնության կարիք չունի: Եթե կարիք լինի օգտնելու մեր թիմին, կօգնենք՚,- հայտարարել է նա: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հրազդանցիներն ինքնուրույն կկատարեն իրենց ընտրությունը:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին: ՀՀԿ թեկնածուն է Հրազդանի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանը, որն այդ պաշտոնում է արդեն 14 տարի: «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության թեկնածուն է Սասուն Միքայելյանը, իսկ «Հայկական վերածնունդի՚ թեկնածուն` Արթուր Միսակյանը: Հրազդանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Սասուն Միքայելյանի մրցակից Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հասարակական տարբեր վայրերում հրապարակել էր Փաշինյանի լուսանկարները ու հայտարարություն տարածել, որ պատգամավորն աշխատանքային ժամերին այցելում է Հրազդանի հանրակրթական դպրոցներ ու իբր փորձում իր կողմը գրավել ուսումնական հաստատությունների տնօրեններին: Մարտի 22-ին Facebook-ի իր էջում Փաշինյանը գրել է, որ մտադիր է դիմել ԱԱԾ ղեկավար Գևորգ Կուտոյանին` իրեն հետևելու փաստի առնչությամբ:
«ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ովքեր են հետեւել ինձ և ինչու են դա արել գաղտնի, զինված են եղել այդ անձինք, թե ոչ՚, - գրել է նա, հավելելով, որ Կուտոյանի պարտականությունների մեջ է մտնում իր անվտանգության ապահովումը` որպես բարձրաստիճան անձի:


