


Արմինֆո.Ռուսաստանն ակնկալում է, որ "3 + 3" ձևաչափով հաջորդ հանդիպումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) տեղի կունենա մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։
"Հարավային Կովկասում հեռանկարային հարթակ է դարձել "3+3" տարածաշրջանային համագործակցության հարթակը․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ Հարավային Կովկասի երկրները, և նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Եվ այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ տանել միավորման օրակարգը։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս կկայանա հերթական հանդիպումը այդ ձեւաչափով", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Լավրովը։
Նշենք, որ "3+3" տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում նշել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, սակայն նրանց համար դռները միշտ բաց են:
Դրանից հետո՝ 2023 թվականին Իրանում, իսկ արդեն 2024 թվականին Թուրքիայում տեղի են ունեցել այդ հարթակի ներկայացուցիչների հանդիպումները 5 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը կրկին չի մասնակցել հարթակի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել կամ Բաքվում, կամ Երևանում ։ Սակայն հանդիպման վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։


