


ՙՏարածքներ՝ կարգավիճակի փոխարեն՚ գործարքն աղետալի հետևանքներ կունենա հայկական հիմնարար շահերի համար՝ սերտորեն կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
ՙՌուսաստանցի փորձագետները և քաղաքական ուժերը, հատկապես վերջին 2-3 տարում, բազմիցս հանդես են եկել կարգավորման հենց այդ բանաձևի օգտին: Նման հեռանկարը, իրոք, կարող է նախընտրելի լինել Մոսկվայի համար՝ նպաստելով որոշակի կարճաժամկետ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության վերականգնմանը:
Ըստ վերլուծաբանի, Մոսկվայում գրեթե համոզված են, որ ՙտարածքներ՝ կարգավիճակի փոխարեն՚ բանաձևով գործարքին Իլհամ Ալիևի համաձայնության դեպքում գործող հայկական իշխանությունն անխուսափելիորեն կհամաձայնի հակառակորդին հանձնել իր կողմից համեստորեն ԼՂՀ անվտանգության գոտի կոչվող բոլոր տարածքները:
Հաշվի առնելով նման սցենարի անթույլատրելիությունը՝ Մելիքյանը գտնում է, որ պաշտոնական Երևանն ուղղակի պարտավոր է մոսկովյան գործընկերներին ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հոդաբաշխ այլընտրանք:



