
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջել է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ընդգծել է ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի անթույլատրելիությունը։
«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում հանրային խոսույթում նման դրսևորումների շարունակական առկայությունը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք կամ անձին ու անձանց խմբին նսեմացնելու, թիրախավորելու միջոց օգտագործելը։ Նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։
Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները։
Պաշտպանը վերահաստատում է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով պիտակավորող, խտրական կամ ատելություն սերմանող ձևակերպումների օգտագործումը։
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։ Հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական ու հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները և հանրային քննարկումների մյուս մասնակիցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես նման խոսքը բացառելու, այնպես էլ դրան հակազդելու գործում՝ որպես ուղենիշ ունենալով բազմազանության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու հանրային համերաշխությունը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ դիտորդները Հայաստանի օմբուդսմենի նման քողարկված հայտարարությունը կապում են Շիրակի մարզպետի այլատյաց հրապարակման հետ: Վերջինս Facebook - ի իր էջում, արձագանքելով Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից Գյումրու օրվա կապակցությամբ տոնական միջոցառումների կազմակերպմանը, գրել էր. "Գյումրին ձեր "Նիժնի Թաբորը" չէ, գյումրեցիներն էլ ձեր "Իվանները" չեն":
Նշենք, որ դա միջազգային սկանդալ էր հարուցել։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Շիրակի մարզպետի սկանդալային էպիտետները, հիշեցրել էր, որ նման նվաստացուցիչ առումով "Իվան" կամ "կարմիր Իվան" գերմանաֆաշիստական զավթիչներն անվաանում էին խորհրդային զինվորներին, ընդ որում՝ խտրականություն չդնելով ըստ ազգային հատկանիշների։ Այդ առումով նա ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ այդ "Իվանների" կամ "կարմիր Իվանների" մեջ եղել են մոտ կես միլիոն էթնիկ հայեր անմիջապես Հայկական ԽՍՀ-ից կամ խորհրդային այլ հանրապետություններից։