
Արմինֆո. Շարունակական ստերի, բռնության և անմեղսունակ անգործության արդյունքում Հայաստանի իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել "Ժառանգություն" կուսակցությունը՝ հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։
«Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից իրենց՝ իշխանության ղեկին մնալու այսրոպեական հաճույքներին հագուրդ տալու համար: Հայրենի իշխանությունից կառչած խմբակն էլ այս տեսանկյունից բացառություն չէ: Սակայն թե՛ հացը, թե՛ տեսարանը անսպառ աղբյուր չեն:
Օրեցօր ուրվագծվող՝ մեր երկրին սպառնացող մոտալուտ սոցիալական ճգնաժամը, Ադրբեջանի միակողմանի պահանջների հիման վրա սողացող հայրենատվության սպասվող հերթական արարները Հայաստանի իշխանություններից նոր ջանքեր են պահանջում: Վերջիններիս շարունակական ստերի, բռնության և անմեղսունակ անգործության արդյունքում սպառված իշխանական զինանոցում մնացած հեղափոխականների ասույթը նոր երանգավորումներ է ստանում՝ հայրենի բարձրագույն օրենսդիր մարմնում կազմակերպված կրկեսային գազանամարտերի տեսքով:
«Ժառանգություն» կուսակցությունը հայ ժողովրդի և միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպում ԱԺ իշխանական երկու փոխխոսնակների խուլիգանական պահվածքի, խորհրդարանի խոսնակի ցուցաբերած սադրիչ անգործության վրա, ինչպես նաև՝ իշխող խմբակի ղեկավարի (ով անհասկանալի ու քաղաքականապես չարդարացված պատճառներով դեռևս ՀՀ փաստացի ղեկավարն է)՝ բռնությունը որպես քաղաքական գործիք արդարացնելու պահվածքի նկատմամբ:
Իսկ վերջում՝ հացն ու տեսարանը բռնության զուգորդմամբ սեփական տռփանքին հագուրդ տալով՝ կայսրեր ու միապետեր են տապալվել: Դուք էլ շանս չունեք», - ասվում է «Ժառանգության» հայտարարությունում:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի՝ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ընտանիքի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններից հետո լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է պատգամավորների միջև ծեծկռտուքի: Իրավիճակի սրման ֆոնին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում չի հայտարարել, այլ միայն հորդորել է պատգամավորներին կողմնորոշվել՝ պատրաստվում են շարունակել ծեծկռտուքը, թե նստելու են իրենց տեղերը: Սակայն լարվածությունը ոչ միայն չի նվազել, այլև ավելի է սրվել։ ԱԺ նախագահը ստիպված է եղել կանչել Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին, որպեսզի հանդարտեցնի ժողովրդի ծառաներին։ Կոնֆլիկտը շարունակվել է խորհրդարանի միջանցքում։ Իրավապահները ստիպված են եղել պատ կազմել իշխող ուժի և ընդդիմության պատգամավորների միջև ՝ նրանց հանդարտեցնելու համար։ Ծեծկռտուքի հետևանքով վնասվել է նիստերի դահլիճում գտնվող պետական գույքը։