
Արմինֆո. Նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողներին հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ խմբակցությունը դեմ է քվեարկելու "ալիևյան սահմանադրությանը"։ Պատգամավորը նշել է, որ խմբակցության դիրքորոշումը քմահաճույք չէ, դա խորհրդարան եկած քաղաքական ուժի մանդատն է: "Մեր ընտրողները մեզ մանդատ են տվել, որ թույլ չտանք "ալիևյան սահմանադրության" ընդունումը։ Հետևաբար, ակնկալել, թե մենք կքվեարկենք դրա ընդունման օգտին, պարզապես, անհնար է", - ասել է Գրիգորյանը, հավելելով, որ իշխանությունների քայլերն այդ հարցում միայն մեկ նպատակ են հետապնդում․ ապահովել աննախադեպ կոնսենսուս։ Այժմ նման կոնսենսուս չկա քաղաքական ուժերի միջև։ Այդ համատեքստում հիմարություն է ակնկալել, թե խմբակցությունը կգնա այդ քայլին։ "Այդ առաջարկն անընդունելի է, ես նախկինում էլ ասել եմ, որ դա ոչ թե Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, այլ՝ Ալիևի առաջարկը", - նշել է ընդդիմադիրը:
Նա մատնանշել է այն փաստը, որ հիմնական օրենքի նախագծում գրեթե ոչինչ չկա սուպերվարչապետական կառավարման համակարգից հրաժարվելու մասին։ Միակ բանը, որ այնտեղ կլինի, նախաբանի մերժումն է, որը վերաբերում է Անկախության հռչակագրին։ Դա հենց միակ բանն է, որը պահանջում է Ադրբեջանը։ "Դրա համար էլ մենք ասում ենք, որ նոր սահմանադրության նախագիծն ալիևյան սահմանադրություն է։ Որքան էլ իշխանությունները փորձեն զարդարել նոր սահմանադրությունը, բովանդակային կողմից դա, ընդամենը, նախապայման է Բաքվի կողմից, որը պետք է կատարի հայկական կողմը", - ընդգծել է Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել նոր սահմանադրության մշակման, ընդդիմության հետ հարաբերությունների և հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Փաշինյանը "հակապետական" է որակել Հայաստանի անկախության մասին հռչակագրի տեքստը, հայտարարելով, թե նման տեքստով անկախ պետության գոյությունն անհնար է: Վարչապետի ասելով ՝ նոր հիմնական օրենքի ընդունումը եղել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրի մեջ: Նոր սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել առաջիկայում։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ բարեփոխումը կապված է երկիրը աշխարհաքաղաքական նոր իրողություններին հարմարեցնելու և խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու ձգտման հետ: Գործող ՀՀ սահմանադրությունը հղում է կատարում 1990 թվականի Անկախության մասին հռչակագրին, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը, որը Բաքուն անընդունելի է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Սակայն կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, որն ամռանը կայացած ընտրությունների արդյունքում ստացել է Ազգային ժողովի 105 տեղերից 64-ը, սահմանադրական մեծամասնություն չունի նոր օրենքն ինքնուրույն ընդունելու համար: Դրա համար անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը։ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները կարող են ձևակերպել առաջարկ, որին ընդդիմությունը չի կարող դիմակայել: Նա նաեւ թույլ է տվել հասարակական ճնշման կիրառումը, ներառյալ խորհրդարանի առջեւ իշխանության կողմնակիցների ցույցերի կազմակերպումը, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներից պահանջեն քվեարկել հանրաքվեի օգտին: