


Արմինֆո. Հայ ուռուցքաբան Գևորգ Թամամյանը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածուների առաջին ֆորումը, որին կմասնակցեն անդամ պետությունների ներկայացուցիչները, կկայանա նոյեմբերի 18-19-ը Ժնևում գտնվող ԱՀԿ կենտրոնակայանում: Միջոցառմանը կմասնակցեն պաշտոնի համար առաջադրված յոթ թեկնածուներ: Ակնկալվում է, որ 2027 թվականի սկզբին ԱՀԿ գործադիր խորհուրդը կընտրի հինգ թեկնածու՝ հետագա քննարկման համար, կանցկացնի նրանց հետ հարցազրույց և կառաջադրի մինչև երեք թեկնածու՝ կազմակերպության գլխավոր կառավարման մարմնի՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի քննարկմանը: Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, կընտրվի նույն թվականի մայիսին կայանալիք Ասամբլեայի 80-րդ նստաշրջանում։
ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում են յոթ թեկնածու՝ ԱՀԿ Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանային տնօրեններ Հանս Կլուգեն (Բելգիա) և Հանան Բալխին (Սաուդյան Արաբիա), Համաչինական կանանց ֆեդերացիայի քարտուղարության քարտուղար Լի Սոնգը, Ինդոնեզիայի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինը, ԱՀԿ շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության դեպարտամենտի նախկին տնօրեն Մարիա Նեյրան (Իսպանիա), Կատարի առողջապահության նախկին նախարար Հանան Մոհամմեդ Ալ-Քուվարին և ուռուցքաբան Գևորգ Թամամյան (Հայաստան)։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը վերընտրվել է երկրորդ ժամկետով 2022 թվականին և ԱՀԿ կանոնների համաձայն՝ չի կարող հետագայում վերընտրվել։ Նրա ժամկետը լրանում է 2027 թվականի օգոստոսի 15-ին։


