
Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանությունը ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրն է։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ "Միջազգային պարտավորությունները եւ ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ եւ եզրակացություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արցախցիների իրավունքների վերականգնման շրջանակներում գործադրվող բոլոր ջանքերն անիմաստ չեն: "Շատերին թվում է, որ եթե այս փուլում չկա կոնկրետ արդյունք, ապա ձեռնարկվող բոլոր գործողություններն անիմաստ են։ Սակայն դա այդպես չէ, քանի որ ոչ մի գործողություն չի անցնում անհետեւանք: Սա չափազանց բարդ աշխատանք է, հատկապես, այն պայմաններում, երբ գործող իշխանությունը բացեիբաց վարում է իր առջև դրված նպատակներին ճիշտ հակառակ քաղաքականություն, և ավելին, սպառնում է այն մարդկանց, ովքեր իրենց մեջ քաջություն են գտնում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ", - նշել է Կարապետյանցը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ արցախցիների իրավունքների պաշտպանության համար բավարար հիմքեր կան։ "Ցավոք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ միջազգային հանրությունը որդեգրել են դիրքորոշում, իբր իրենք ոչինչ չգիտեն և չեն տեսնում։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է շարունակել նամակներ ուղարկել, հանդիպումներ անցկացնել և հետևողականորեն ուշադրություն հրավիրել խնդրի վրա։ Չէ որ արցախցիների պահանջները վերաբերում են միջազգային իրավունքով ամրագրված իրավունքներին", - ընդգծել է իրավապաշտպանը։
Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի բնակիչների շրջանում էլ կան մարդիկ, ովքեր սխալ են ընկալում արցախցիների խնդիրը, համարելով, թե այն իրենց չի վերաբերում: Մինչդեռ, ինչպես հիշեցրել է Կարապետյանցը, Ադրբեջանը վաղուց եւ հետեւողականորեն, չթաքցնելով իր մտադրությունները, Հայաստանն ուղղակիորեն անվանում է, այսպես կոչված, "Արեւմտյան Ադրբեջան": "Ժամանակի ընթացքում բոլորի համար ակնհայտ կդառնա, որ տեղի ունեցածը վերաբերում էր ոչ միայն արցախցիներին, այլև՝ բոլոր հայերին։ Եվ այդ ժամանակ մենք բոլորս կարող ենք հայտնվել ծայրահեղ լուրջ մարտահրավերների առջև։ Պետք է հասկանալ․ որքան շատ ենք հրաժարվում մեր իրավունքներից, այնքան մեծանում է Ադրբեջանի ախորժակը, եւ այնքան դժվար է դառնում պաշտպանել բոլոր հայերի իրավունքները", - ընդգծել է Կարապետյանցը։
Իրավապաշտպանը լուրջ խնդիր է համարել նաև հումանիտար հարցերի քաղաքականացումը: Նրա կարծիքով՝ դրանցից շատերը, սկսած Արցախի շրջափակումից, վերջացրած ռազմագերիների հարցով, տեղափոխվել են քաղաքական հարթություն, ինչն էապես բարդացրել է դրանց լուծումը։ "Ընդհանուր առմամբ, սա չափազանց բարդ խնդիր է, բացի այդ, մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է չտրվել հուսահատությանը և չհիասթափվել։ Ժամանակները փոխվում են։ Պետք է, պարզապես, մնալ հաստատակամ եւ հետեւողական", - ամփոփել է Կարապետյանցը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ ։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական ։