
Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ COP17-ի հիմքում դրված գործողությունների ծրագիրը լիովին կիրառելի է նաև Արցախի նկատմամբ, քանի որ արցախցիներն իրենց հայրենիքի բնիկ բնակչությունն են, իսկ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության հարցերը համաժողովի առանցքային թեմաներից են: "Այդ պատճառով մենք վստահ էինք, որ կարող ենք ապահովել արցախցիների ներկայացուցչություն COP17-ի շրջանակներում։ Սակայն մեզ թույլ չտվեցին դա անել", - նշել է Զաքարյանը։
Ինչպես հիշեցրել է ԼՂՀ Հանրային խորհրդի անդամը, այդ առնչությամբ իրենք հոկտեմբերի 15-ից սկսել են ակցիաներ իրականացնել, առաջին հերթին, դիմելով Հայաստանի կառավարությանը, թեեւ համոզված էին, որ հենց Հայաստանի իշխանություններն են խոչընդոտել COP17-ում Արցախի ներկայացուցչությանը: Բացի այդ, ինչպես պատմել է Զաքարյանը, իրենք դիմումներ են հղել բազմաթիվ դեսպանատներ՝ կոչ անելով գոնե հանդես գալ որպես միջնորդ և օգնել հնարավորություն գտնել միջազգային հարթակում բարձրացնելու արցախցիների խնդիրները: "Չնայած արձագանքի բացակայությանը՝ ես կարծում եմ, որ կա մի բան, որը մենք ամեն դեպքում պարտավոր ենք անել․ անընդհատ դիմել, պահանջել և չտրվել հիասթափությանը։ Մենք մտադիր ենք առաջ շարժվել այս հարցում, հաշվի առնելով, որ Հայաստանը երկու տարի նախագահելու է COP-ում։ Այսինքն՝ մենք դեռ մեծ աշխատանք ունենք անելու այդ ուղղությամբ", - ընդգծել է Զաքարյանը։
Ակցիաների ընթացքում, ինչպես նշել է Արցախի Հանրային խորհրդի անդամը, իրենք ձգտել են ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ արցախցիներին զրկել են միջազգային նորմերով երաշխավորված ներկայացուցչության իրավունքից: Այդ առնչությամբ իրենք մտադիր են առաջիկա երկու տարիներին հետևողականորեն բարձրացնել այդ հարցը և պահանջել ՀՀ իշխանություններից չանտեսել այն։
Մեկնաբանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջոյթի Հոսագրաքարի արձագանքը Մատենադարանում ՝ Զաքարյանը նշել է, որ միջազգային կառույցներն ունեն իրենց շահերը, իսկ նման դիրքորոշումը, նրա կարծիքով, ձեռնտու է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են լռեցնել արցախցիների ձայնը: Սակայն, ինչպես նշել է Զաքարյանը, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել խնդրի հրապարակային քննարկումից ։ "Դա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք այդ մասին։ Անհրաժեշտ է մշտապես ստեղծել իրավիճակներ, երբ նրանց համար անհնար կլինի անտեսել խնդիրը, և ստիպված կլինեն ի վերջո արձագանքել դրան", - նշել է ԼՂՀ Հանրային խորհրդի անդամը։
Որպես օրինակ նա նշել է Վիեննայի փառատոնին արցախյան համույթների մասնակցության չեղարկման դեպքը։ Զաքարյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այն բանից հետո, երբ այդ պատմությունը հասարակական հնչեղություն ստացավ, հաամույթներին նոր հրավեր է ուղարկվել: Նրա կարծիքով դա վկայում է այն մասին, որ խնդրի վրա հետևողական ուշադրություն հրավիրելը կարող է արդյունք բերել։
"Դրա հետ մեկտեղ, կան նաև բացասական օրինակներ. չնայած միջազգային կառույցներին ուղղված բազմաթիվ դիմումներին, ամենից հաճախ մենք այդպես էլ պատասխան չենք ստանում։ Օրինակ ՝ համապատասխան նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, սակայն պատասխան չի ստացվել։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այդ բոլոր դիմումներն արձանագրվում են և նշանակություն ունեն։ Ուստի, մենք պարտավոր ենք շարունակել այդ աշխատանքը", - ընդգծել է Արցախի Հանրային խորհրդի անդամը։
Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ եթե ողջ հայ հասարակությունը, ներառյալ սփյուռքը, միավորվի այդ հարցի շուրջ և ամեն հնարավորության դեպքում բարձրացնի արցախցիների իրավունքների, այդ թվում ՝ վերադարձի իրավունքի և սեփականության իրավունքի թեման, միջազգային հանրությունն ի վերջո ստիպված կլինի հաշվի նստել այդ պահանջների հետ:
Նա ընդգծել է, որ պետք է շարունակել ստեղծել այնպիսի իրավիճակներ, երբ միջազգային կառույցները չեն կարողանա շրջանցել խնդիրը։ "Մենք գիտենք մեր իրավունքները, և այսօր այդ իրավունքները խախտվում են։ Ուստի, մենք պետք է շարունակենք խոսել այդ մասին, պահանջենք դրանց ապահովումը և հասնենք այն բանին, որ մեզ լսեն", - եզրափակե է Զաքարյանը։
Նշենք, որ մերժել են COP17 միջազգային համաժողովի կանաչ գոտում տաղավար տրամադրել արցախցիներին։ Այդ առնչությամբ նրանք բողոքի ակցիա են անցկացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ տեղի է ունենում խորհրդաժողովը, ինչպես նաև բողոքի նամակներ են փոխանցել եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ: