ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ
իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով
երկրում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների ապահովման գործում
ընտրական օրենսդրության առանցքային նշանակությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմից, ուսումնասիրության արդյունքում ձևավորված առաջարկները
վերաբերում են՝
- 1.
Քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը և դրա համար անհրաժեշտ
չափանիշների սահմանմանը.
- 2.
Քվեարկության սենյակում տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների
միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը.
- 3.
Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը՝ միջազգային
կազմակերպությունների և ՀՀ Սահմանադրական դատարանի ձևավորված չափանիշներին
համապատասխան.
- 4.
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի
իրացման պայմանների ապահովմանը, այդ նպատակով օրենսդրական անհրաժեշտ կանոնների
սահմանմանը.
- 5. Կանանց
ընտրական իրավունքի ապահովմանը՝ ընտրություններում կանանց պատշաճ
ներկայացվածություն ապահովելու նպատակով.
- 6.
Ընտրական գործընթացի նոր մասնակցի՝ մասնագետի իրավական կարգավիճակի առանձին
սահմանմանը.
- 7.
Հանձնաժողովի նիստերին կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար
դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գրանցումն
ապահովող պատշաճ պայմանների ստեղծմանը.
- 8.
Նախագծի՝ Երևանին առնչվող կարգավորումները Գյումրի և Վանաձոր քաղաքներին
հավասարապես վերաբերելի դարձնելուն:
Նշված
առաջարկները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն և ՀՀ ազգային
ժողով: