
Արմինֆո. Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունը ուղիղ փակուղի տանող ճանապարհ է, կարծում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
«Երբ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց նոր սահմանադրություն ընդունելու թեզը, փորձեցինք բոլոր իրավաչափ եղանակներով հուշել իշխանություններին, որ չտրվեն ադրբեջանական սադրանքներին և ելակետ ընդունեն, որ Անկախության մասին Հռչագակագիրը անտեղի սխալ մեկնաբանության հենքով Սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է։
Հիմա էլ ուշ չէ։ Ինքս լինելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի համահեղինակներից, վստահաբար պնդում եմ, որ բոլոր անվանի փորձագիտական կառույցները միանշանակ արձանագրել են, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը, որ խոսքն ընդամենը միջազգային իրավունքով պաշտպանվող ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և դրա իրավական հետևանքների մասին է։ Որևէ պետություն իրավասու չէ նախապես իր Սահմանադրությամբ որոշել, որ երբևէ չի ճանաչելու ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանզի դրանով ինքն իրեն դուրս կդնի ՄԱԿ֊ի անդամակցությունից։ Նույն կերպ, իրավաչափ չէ նոր կնքվող միջազգային պայմանագրերով անդադար շեշտել, թե չի խաթարվելու ինքնիշխանությունը, քանզի ինքնիշխանությունը արդեն ճանաչվել և երաշխավորվել է ՄԱԿ֊ին անդամակցելու պահից, ուստի այն ավելորդ անգամ ամրագրելու, մեղմ ասած, կարիք չկա։ Ցավալի է, որ Սահմանադրական դատարանը փորձեց հակասությունը մեղմելու նպատակով նախապատվությունը տալ Նախաբանի իրավական արժեքի զուտ իրավիճակային մեկնաբանությանը, ինչի արդյունքները տեսնում ենք։
Այս փուլում առավել իրատեսական ու գործնական քայլը՝ միջազգային իրավասու կառույցների մասնակցությամբ երկու կողմերի իրավագետների և քաղաքագետների համատեղ քննարկումներ նախաձեռնելն է։ Սա է փոխշահավետությունը, բարիդրացիական համագործակցությունը, ոչ թե միակողմանի անվերջ հոխորտանքները», - գրել է արդարադատության նախկին նախարարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար: Հավելենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվից հաճախ են հնչում Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջներ՝ այն պատճառով, որ այնտեղ, իբր, տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Այս և մյուս պահանջների կատարումն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես "խաղաղության պայմանագրի" կնքման նախապայման։