
Արմինֆո. Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 28-ին Երևանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի իր գործընկեր Տոնե Կայզերի բանակցություններից հետո:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ ակտիվ դինամիկայի առնչությամբ և համոզմունք հայտնել, որ այսօր ստորագրված հուշագիրն իր դերակատարությունը կունենա զարգացող համագործակցության մեջ՝ նպաստելով առկա օրակարգի առաջ մղմանը։ Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային բնույթի հարցերի լայն շրջանակ:
Նախարարի խոսքով՝ կան կոնկրետ ուղղություններ, հաջողված փորձ ունեցող ծրագրեր, երկկողմ պատրաստակամություն՝ օրակարգն առաջ մղելու տնտեսական, առողջապահության, արդարադատության, զբոսաշրջության, կրթության և մի շարք այլ ուղղություններով: Միրզոյանը հատկապես կարևորել է Սլովենիայի փորձը Հայաստանում ներդրված բժշկական ապահովագրության համակարգում։
"Մեր ուշադրության կենտրոնում էին նաև առևտրատնտեսական հարաբերությունները։ Պետք է արձանագրել, որ թվերն աճում են։ 8 ամիսների ընթացքում առևտրատնտեսական հարաբերությունների ցուցանիշը գերազանցում է ամբողջ անցած տարվա ցուցանիշը, դա լավ նորություն է։ Վատ լուր է, որ թվերը դեռ մեծ չեն", - հավելել է նա։ Այդ համատեքստում նա պատմել է, որ այսօր Երեւանում մեկնարկում է հայ-սլովենական գործարար համաժողովը, որն իրենք կբացեն՝ Սլովենիայի գործընկերոջ հետ:
Հայաստանի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Սլովենիայի գործընկերոջը պատերազմից տուժած երեխաներին և նրանց ծնողներին աջակցելու կարևոր ծրագրի համար ։ Նա հիշեցրել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ երեխաներն ու նրանց ծնողները մեկնում են Սլովենիա՝ վերականգնողական բուժման։ Նա հավելել է, որ հայկական կողմը հույս ունի, որ այդ ծրագիրը կշարունակվի նաև ապագայում:
Միրզոյանը նշել է, որ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային ընթացիկ գործընթացներին, և այդ համատեքստում ներկայացրել է խաղաղության օրակարգը, հարաբերությունները բոլոր 4 անմիջական հարևանների և Ռուսաստանի հետ։
Կայզերն, իր հերթին, համաձայնություն է հայտնել հայ գործընկերոջ ասածին։ "Ես այստեղ եմ գործարար պատվիրակության կազմում։ Սա 2010 թվականից ի վեր առաջին նման այցն է։ Երևան ենք այցելում գործարար պատվիրակության ուղեկցությամբ։ Դա արտացոլում է լավ քաղաքական հարաբերությունները որոշակի տնտեսական արդյունքի վերածելու մեր մտադրությունը", - ասել է Սլովենիայի պաշտոնյան։ Կայզերն այդ առումով ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սլովենիայի արտադրանքի 80 տոկոսը նախատեսված է արտահանման համար, եւ գործարար համաժողովը կոչված է նոր հարաբերությունների սկիզբ դառնալ: Նա ուշադրություն է հրավիրել, որ Սլովենիան բարենպաստ պայմաններ է առաջարկում միջազգային բիզնեսի համար, և շել է, որ Սլովենիայի կառավարությունը փորձում է բիզնեսն ավելի կանխատեսելի և հուսալի դարձնել: Կայզերը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, գտնվելով Կենտրոնական Եվրոպայի ճանապարհների խաչմերուկում, Սլովենիան դեպի միջերկրածովյան նավահանգիստներ հիանալի լոգիստիկ հնարավորություններ և ելքեր է ապահովում Շենգենյան գոտու երկրների համար:
"Չնայած ուղիղ չվերթների բացակայությանը՝ Սլովենիայի ավելի ու ավելի շատ բնակիչներ հետաքրքրություն են ցուցաբերում չքնաղ Հայաստանի նկատմամբ, եւ զբոսաշրջության զարգացումը պետք է հանձնարարական դառնա դեսպանների համար", - նշել է Կայզերը, ընդգծելով նաեւ ավիացիայի եւ պաշտպանության ոլորտում համագործակցության ներուժի առկայությունը, ինչպես նաեւ՝ անհետ կորածների որոնման կարեւորությունը: