
ԱրմԻնֆո. Հայաստանը 2026 թվականի դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը՝ գրանցելով 11,3% առաջընթաց։
Համաձայն պատրաստված զեկույցի՝ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան ցուցանիշի միջին բարելավման ամենաբարձր մակարդակն են արձանագրել։
"Տարածաշրջանի 15 երկրներից 11-ը այս ժամանակահատվածում բարելավել են իրենց ցուցանիշները։ Առավել մեծ առաջընթաց են գրանցել Հայաստանը և Ուզբեկստանը՝ համապատասխանաբար 11,3% և 11,2% բարելավմամբ, որոնց հաջորդում են Մոլդովան (7,8%), Բուլղարիան (7,3%) և Վրաստանը (7,1%)։ Երեք երկրներում ցուցանիշները վատթարացել են՝ Թուրքիայում (6,2%), Ռուսաստանում (5,2%) և Բելառուսում (4,2%)։ Ղրղզստանում ցուցանիշը գրեթե չի փոխվել",- ասվում է զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում դրական խաղաղության ցուցանիշների 11,3% բարելավումը պայմանավորված է աշխատանքով, կրթությամբ կամ մասնագիտական պատրաստությամբ չզբաղված երիտասարդների (NEET) մասնաբաժնի 35,7% աճով։
Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայում, Ռուսաստանում և Բելառուսում իրավիճակի վատթարացումը նմանատիպ բնույթ է ունեցել՝ կենտրոնանալով քաղաքական բացության և տեղեկատվության հոսքի հետ կապված ցուցանիշների վրա։ Թուրքիայում մամուլի ազատությունը վատթարացել է 36%-ով, իսկ բնակչության տարբեր խմբերի նկատմամբ հավասար վերաբերմունքին, կառավարության բացությանն ու թափանցիկությանը, ինչպես նաև հնարավորությունների հավասարությանը նպաստող օրենքների ցուցանիշները վատթարացել են 33,3%-ով։ Ռուսաստանում անկումը պայմանավորված է մամուլի ազատության 36,6% վատթարացմամբ, ինչպես նաև հնարավորությունների հավասարության 33,3% և կառավարության բացության ու թափանցիկության 25% նվազմամբ։ Տարածաշրջանում առանձին ցուցանիշների մասով ամենամեծ փոփոխությունները դիտվել են Բելառուսում, որտեղ տեղեկատվության որակը վատթարացել է 83,9%-ով, դրան հաջորդում են մամուլի ազատության 34,6% և սոցիալ-տնտեսական հատկանիշներով սոցիալական մեկուսացման 34,4% վատթարացումները։
2026 թվականի դրական խաղաղության ինդեքսի երկրների տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Ավստրալիան և Իսլանդիան։
Հայաստանի հարևանները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները. Վրաստանը՝ 49-րդ, Թուրքիան՝ 83-րդ, Իրանը՝ 124-րդ, Ադրբեջանը՝ 98-րդ։ Ռուսաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը։ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Սոմալիում, Սուդանում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում։
Ինդեքսն ընդգրկում է 163 երկիր և աշխարհի բնակչության 99,7%-ը։ Այս զեկույցում մանրամասն նկարագրվում է PPI-ի կազմման համար կիրառված մոտեցումը և դրա վերջին արդյունքները։