


Արմինֆո. Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության աջակցությունը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերին: Այս մասին քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի անդամների և Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և սննդի անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության անդամների հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշել է Եվրոպական խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձևաչափերով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացումը և ընդգծել ԵՄ աջակցության կարևորությունը տարբեր ոլորտներում բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում:
Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում: Նրանք պատրաստակամություն հայտնեցին կիսվել մի շարք ոլորտներում իրենց հաջողված փորձով և խորացնել համագործակցությունը Երևանի հետ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ՝ հույս հայտնելով կոնկրետ արդյունքների հասնելու հարցում։


