
Արմինֆո. Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին գործուն քայլեր ձեռնարկել բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) հայկական ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար:
Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը խոր վրդովմունք և մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջյոթի Հոսագրահարի՝ Երևանում արած այն հայտարարության կապակցությամբ, թե տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի մասին։
«Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, վնասման և պատմական ինքնության խեղաթյուրման վերաբերյալ ահազանգերն ու փաստագրական նյութերը վաղուց ներկայացվում են հետազոտողների և հասարակական կազմակերպությունների կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության պաշտպանության համար պատասխանատու կառույցի բարձրաստիճան ներկայացուցչի նման անտեղյակությունը լուրջ հարցեր է առաջացնում։
Արցախի հայկական եկեղեցիներն ու վանքերը համամարդկային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։ Դրանց պաշտպանությունը չպետք է պայմանավորված լինի քաղաքական շահերով։
Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել առկա փաստերն ու վկայությունները, ապահովել Արցախի հայկական հուշարձանների վիճակի անկախ միջազգային մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր դրանց հետագա ոչնչացումն ու պատմական ինքնության խեղաթյուրումը կանխելու համար։
Մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է ոչ թե լռություն կամ անգործություն, այլ պատասխանատվություն և կոնկրետ գործողություններ։
Ակնկալում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հստակ դիրքորոշումն ու գործուն քայլերը՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ», - ասվում է Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին, լիովին ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում ՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները ։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց: